Ճիշտ է, Ֆրանսիական հեղափոխությունը նախադեպ ուներ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, բայց սրանք իրենց ծագմամբ, նպատակներով, անցած ճանապարհով ու հետևանքներով միանգամայն տարբեր էին:
Նախ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, սոցիալական ուղղվածությամբ հանդերձ, նաև ազգային հեղափոխություն էր. անգլիական բուրժուազիան դաշնակցեց ազնվականության հետ և տապալեց թագավորական միահեծան իշխանությունը: Անգլիայում հաստատվեց ազնվականական-բուրժուական սահմանադրական միապետություն: Երկրորդ` անգլիական հեղափոխությունը տեռորի չվերածվեց, որովհետև շարժիչ ուժը ազգային ազնվականությունն ու բուրժուազիան էին, անգլիացիները գաղափարական ու սոցիալական պայքար էին մղում, մինչդեռ Ֆրանսիայում պայքարը դասակարգային-կլանային բնույթ ուներ: Չնայած քաղաքացիական պատերազմի առկայությանը` անգլիական հեղափոխությունը սեփական ժողովրդի սպանդի չվերածվեց, իսկ Ֆրանսիայում հարյուրհազարավոր մարդիկ գիլիոտինի զոհ դարձան:
XVIII դարում Ֆրանսիան կայացած, զարգացած ու հզոր միապետություն էր` Բուրբոնների արքայական դինաստիայի կառավարմամբ: Երկիրը հարյուրամյակների ընթացքում անթաքույց պայքար էր մղում եվրոպական մայրցամաքում գերիշխանության համար, և դա նրան հաջողվում էր. Ֆրանսիայի թագավորության դեմ կարող էր մրցակցել միայն Անգլիան, որ անվիճելի առավելություն ուներ ծովում և դրա շնորհիվ էլ կարողանում էր հավասարակշռություն պահպանել Ֆրանսիայի դեմ պայքարում: Ֆրանսիան ուներ նաև իր անդրծովյան գաղութները. մի խոսքով` ժամանակի հզորագույն երկրներից էր:
Комментариев нет:
Отправить комментарий