Արտաքին առևտուր
Առևտուր, արտադրանքի, ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։ Լայն իմաստով առևտուրը գործունեության տեսակ է, որը կապված է ապրանքների առք ու վաճառքի հետ։ Տարբերում են մեծածախ և մանրածախ առևտուր։
Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։
Միջազգային տնտեսական հարաբերությունները ձևավորվել են արտաքին առևտրի հիմքի վրա։ Արտաքին առևտուրն ընդգրկում է տվյալ երկրի արտահանումն ու ներմուծումը այլ երկրների հետ։ Արտաքին առևտուրը պայմանավորված է աշխատանքի միջազգային բաժանմամբ։ Աշխատանքի միջազգային բաժանման նախադրյալներն են.
1. բնական ռեսուրսների անհավասարաչափ բաշխվածությունը տարբեր երկրների միջև։ Սովորաբար այս կամ այն երկիրը մասնագիտանում է այնպիսի բարիքների արտադրության մեջ, որի համար ունի ռեսուրսային ապահովվածություն։
2. բնակլիմայական պայմանները, որոնք հատկապես կարևոր են գյուղատնտեսական արտադրության համար։ Դրանք պայմանավորում են տարբեր երկրների մասնագիտացումը որոշակի գյուղատնտեսական բարիքների արտադրության մեջ։
3. գիտակրթական և տեխնոլոգիական զարգացման մակարդակը, որը վճռորոշ նշանակություն ունի որևէ բարիքի արտադրության մեջ մասնագիտացման համար։
4. պատմականորեն ձևավորված ավանդական արտադրությունները։ Սա նշանակում է՝ որևէ երկիր, ավանդաբար մասնագիտանալով այս կամ այն արտադրության մեջ, կարողանում է ապահովել արտադրության բարձր որակ և արտադրողականություն։
Աշխատանքի միջազգային բաժանման հիմքի վրա տարբեր երկրների միջև ձևավորվում են առևտրային հարաբերություններ։ Աշխատանքի միջազգային բաժանման վերը նշված նախադրյալների առկայության պայմաններում որևէ երկիր այս կամ այն բարիքի արտադրության գործում մյուսների նկատմամբ ձեռք է բերում առավելություն։ Այդ առավելությունը կարող է լինել բացարձակ և հարաբերական։ Միջազգային առևտուրը հիմնված է այդ երկու սկզբունքների վրա։
Комментариев нет:
Отправить комментарий